«My Forest Armenia» կազմակերպությունը նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում կիրականացվեն անտառատնկման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի որոշ բնակավայրերի տարածքում։ Այս ծավալուն ծրագրի մասին ֆեյսբուքյան իր գրառում է կատարել «My Forest Armenia»- ի ծրագրերի համակարգող Վահե Մարտիրոսյանը։
Նա հրապարակել է անտառատնկման համար նախատեսված վայրից համայնապատկեր և կից գրառել․«Հսկայական պոտենցիալ ունեցող տարածք, որտեղ շատ շուտով MyForestArmenia կազմակերպությունը կմեկնարկի իր երկարաժամկետ ծրագրերից մեկը։ Սա նշանակում է.
1. Ծառատնկման, խնամքի և օժանդակ տարբեր միջոցառումներ իրականացնելու նպատակով աշխատատեղ հարակից բնակավայրերի 100-ավոր մարդկանց համար,
2. Անտառածածկի ավելացում նշանակալի չափով, տեղի կենսաբազմազանության վերականգնմամբ ու պահպանությամբ,
3. Բնապահպանական և գյուղատնտեսական հետաքրքիր ծրագրերի և բիզնեսների մոբիլիզացում, մեկտեղում,
4. Հարակից բնակավայրերում բնապահպանական, անտառագիտական, գյուղատնտեսական թեմաներով թրեյնինգների կարճ դասընթացների կազմակերպում,
5. Նմանօրինակ այլ ծրագրեր, որ վստահաբար զարգացնելու և էլ ավելի գրավիչ են դարձնելու մեր բնաշխարհը։
Այս ամենով հանդերձ ցանկանում եմ նշել, որ հանքարդյունաբերությանը, ընդերքի քանդելուն կա այլընտրանք»
Աղբյուր՝ Վահե Մարտիրոսյան

